Սեվանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման պիլոտային ծրագիր

Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման արտադրական և էկոլոգիական արդյունավետությունը գնահատելու համար իրականացվել է փորձնական փուլ (15.08.2012-15.08.2014):

Փորձնական փուլի հիմնական նպատակն է գնահատել Սևանա լճում ապրանքային ձկան (Գեղարքունի և Ամառային իշխանի) աճեցման հնարավորությունները ցանցավանդակային տեխնոլոգիայի կիրառմամբ, որի իրականացման համար անհրաժեշտ է գնահատել ծրագրի տնտեսական արդյունավետությունն ու շրջակա միջավայրի և լճի էկոհամակարգի վրա ազդեցությունը:

Փորձնական փուլն իրականացնում են «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ը և «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ն: Ներդրողն է «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ն:

Ծրագրի գործընկերներն են.

  • «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ – ծրագրի կառավարիչ
  • Դանիական «Էն Սի քոնսալթինգ» ընկերություն – ծրագրի խորհրդատու
  • Դանիական «Բիոմար» ընկերություն – ձկան կերի մատակարար
  • Դանիական «Հվալփսանդ» ընկերություն – սարքավորումների մատակարար, շեֆմոնտաժ
  • Գերմանական «Բյուրո Վերիտաս» ընկերություն – որակի, անվտանգության և բնապահպանական ստանդարտներ
  • Դանիական «Կլիմա Դիզայն» ընկերություն – մոնիթորինգային սարքավորումների մատակարար
  • «Յունի ֆիշ» ՍՊԸ, «Արևաձուկ» ՍՊԸ – մանրաձկան մատակարար
  • «Շուշան և Շահնուր» ՍՊԸ – շինմոնտաժային աշխատանքներ

Փորձնական ծրագրի իրականացման նպատակով 2012թ. օգոստոսին Սևանա լճում` Շորժա գյուղին հարող տարածքում, տեղադրվել է 4 ցանցավանդակ` յուրաքանչյուրը 16մ տրամագծով և 8մ խորությամբ, տնտեսության հզորությունը` շուրջ 50 տոննա: Սկսած 2012 թ. oգոստոսի 15-ից մինչև հոկտեմբեր Արարատի և Վայոց ձորի մարզերում գտնվող ձկնաբուծական տնտեսություններից գնվել և տնտեսություն է տեղափողվել շուրջ 190000 հատ Գեղարքունի իշխանի և Ամառային բախտակի մանրաձուկ:

Շրջակա միջավայրի վրա ծրագրի ազդեցությունը գնահատելու նպատակով լճում ընտրվել է 4 մոնիթորինգային դիտակետ, որտեղ գնահատվում է 3 խումբ (հիդրոֆիզիկական և հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական և մանրէաբանական, ձկնաբանական )` թվով 31 ցուցանիշ:

Ծրագրի մոնիթորինգն իրականացվել է հետևյալ կազմակերպությունների կողմից.

  • «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ
  • ՀՀ  ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ
  • «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
  • Դանիական «Էն Սի քոնսալթինգ» խորհրդատվական ընկերություն

Մոնիթորինգի արդյունքները թույլ են տալիս փաստել, որ ծրագրի իրականացման ընթացքում լճի էկոհամակարգի վրա թույլատրելի սահմանները գերազանցող որևէ բացասական ազդեցություն չի գրանցվել, իսկ տնտեսական ցուցանիշները դրական են և համապատասխանում են կանխատեսված դինամիկ պլանին:

Այսպիսով` Սևանի իշխանի աճեցման փուլի կազմակերպումը Սևանա լճում ցանցավանդակային տեխնոլոգիաների կիրառմամբ  տնտեսական տեսանկյունից գնահատվում է դրական և մրցունակ, իսկ բնապահպանական տեսանկյունից` անվտանգ` հնարավոր ռիսկերի արդյունավետ կառավարման պարագայում:

Պիլոտային ծրագիրը կարող եք տեսնել այստեղ, իսկ ծրագրի արդյունքների ամփոփումն` այստեղ:

DSC01196