Chrysoperla carnea

21Սովորական ոսկեաչիկը  մեծ չափսերի հասնող ցանցաթևավորների կարգին պատկանող միջատ է: Հասունները կանաչ են` 12-20 մմ երկարությամբ: Հասունը սնվում է միջատի քաղցր արտազատուկով, նեկտարով և փոշեհատիկով: Ոսկեաչիկի էգը ձվադրում է մեկական կանաչ երանգի ձվեր: Կյանքի ընթացքում  ձվադրում է 100-900 ձու: Թրթուրները ակտիվ գիշատիչներ են, սվում են լվիճներով, տզերով, կոկցիդներով և տարբեր միջատների ձվերով: Մեկ թրթուրը իր զարգացման շրջանում (2-3 շաբաթ) ոչնչացնում է 200-300 ձու կամ լվիճ: Գիշատչի զարգացման բոլոր փուլերի համար նպաստավոր պայմաններն են համարվում 20-30˚С ջերմաստիճանային և 50-80 % օդի հարաբերական խոնավության պայմանները: Chrysoperla carnea-ն օգտագործվում է բանջարաբոստանային, պտղատու մշակաբույսերի և դեկորատիվ ծաղկային բույսերի վնասակար լվիճների դեմ պայքարում: Լրացուցիչ կարող է սնվել նաև տրիպսներով, ոստայնատզով, սպիտակաթևիկով, փոքր թրթուրներով, թիթեռների ձվերով և ալրանման որդանով: Գիշատչի բաց թողնումը փակ գրունտի պայմաններում կատարվում է լվիճի գաղութների հայտնվելու պահից սկսած: Յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով բաց են թողնում 5 առանձնյակ, մեկ ամսվա ընթացքում կրկնելով 2-ից 4 անգամ: Կարելի է օգտագործել նաև բաց գրունտի պայմաններում: Կայուն է թունաքիմիկատների նկատմամբ:

Առավելությունները

  • Օգտագործվում է տարբեր  մշակաբույսերի համար՝ փակ և բաց գրունտերում
  • Գիշատչի ակտիվությունը կախված չէ ջերմաստիճանային պայմաններից
  • Կայուն է սինթետիկ թունաքիմիկատների նկատմամբ
  • Թրթուրը արդյունավետ է հատկապես վնասատուի գաղութի զարգացման վայրում
  • Բազմակեր է և կարող է սնվել այլընտրանքային սննդով