Կապույտ հապալաս

Կապույտ հապալասենին 1,5-2 մ բարձրությամբ բազմամյա թուփ է: Պտուղը 5-17 մմ տրամագիծ ունեցող հատապտուղ է` բաց կապույտից մինչև գրեթե սև գունավորմամբ, ունի ոչ շատ քաղցր՝ մի փոքր թթվությամբ համ: Կապույտ հապալասը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, անթոցիանին և այլ պիգմենտներ, դյուրամարս հանքային մանգան, հակաօքսիդիչներ, ֆիտոքիմիական այնպիսի նյութեր, որոնք օգտակար են աղեստամոքսային, սիրտ-անոթային համակարգերի, տեսողության համար, կիրառվում են նաև բորբոքային և քաղցկեղային հիվանդությունների դեպքում:
Ներկայացնում ենք Հայաստանի բնակլիմայական պայմաններում մշակության համար նպատակահարմար կապույտ հապալասենու “Դուկե”, “Բլու Քրոպ”, “Բլու Գոլդ”, “Լիբերթի”, “Էլիոթ”, “Պատրիոտ”, “Չանդլեր” սորտերը:

ԴՈՒԿԵ

Թուփն ամուր է, ոչ շատ բարձր, կանգուն: Վաղահաս է: Պտուղները համեղ են հատկապես սառեցում անցնելուց հետո: Պտուղներն ունեն բաց կապույտ գույն և շատ ամուր են, խոշոր: Հնարավոր է հաջողությամբ կատարել մեխանիկական բերքահավաք:

image021
ԲԼՈՒ ՔՐՈՊ

Թուփն ամուր է, կենսունակ, ուղղաձիգ: Պտուղները շատ մեծ են, փոքր սպիով, ամուր և փոխադրունակ, շատ համեղ են, հասունանալիս չեն ճաքում ու ընկնում պտղակոթից: Դիմացկուն է գարնանային ցրտահարություններին: Վաղ քաղած պտուղների համը թթվային է: Կարելի է կատարել մեքենայացված բերքահավաք:

image023
ԲԼՈՒ ԳՈԼԴ

Թուփը կոմպակտ է և հասնում է 120սմ-ի: Ցրտադիմացկուն է: Միջահաս է: Պտուղները երկնագույն են, չափազանց ամուր, պահունակ և համեղ: Ապահովում է բարձր բերքատվություն: Հարմար է ձեռքով բերքահավաք կատարելուն, սակայն չի բացառվում նաև մեքենայական բերքահավաքը:

image031
ԼԻԲԵՐԹԻ

Թուփը ուղղաձիգ է, մի փոքր տարածվող, պտղաբերում է կողային ճյուղավորությունների վրա: Պտուղները շատ ամուր են, թեթևակի տտիպ համով, խոշոր, պահունակ:

image027
ԷԼԻՈԹ

Լավագույն ուշահաս սորտերից է: Զգայուն է էտի աշխատանքների ժամանակին իրականացման նկատմամբ: Պտուղներն առանձնանում եմ լավ համային հատկանիշներով:

image029
ՊԱՏՐԻՈՏ

Պատրիոտի թուփն ունի ուժեղ, փռված, չափավոր ուղղաձիգ կազմվածք:
Պտղաբեր է, շատ ամուր, կարող է դիմանալ ծանր, խոնավ հողերին: Դիմացկուն է արմատի փտման հանդեպ:
Պատրիոտի պտուղը միջին և մեծ չափի է, կապույտ, կախվում է փնջերով: Պտուղն ունի գերազանց համային հատկանիշներ: Հատուկ խնամքի կարիք է զգում բերքահավաքի ժամանակ, քանի որ պտուղները երբեմն չեն հասցնում ամբողջությամբ կապտել հակառակ կողմից:

image031
ՉԱՆԴԼԵՐ

Թուփը ամուր է, ուղղաձիգ 1.8մ բարձրությամբ և զարգացած ճյուղավորումով:
Չանդլերի պտուղները կապույտ հապալասի մյուս սորտերի համեմատ ամենախոշորն են, ունեն 22մմ տրամագիծ և կշռում են 5գ/պտուղ:
Հիանալի սորտ է այգեգործների համար, պտուղը հասունանում է 6 շաբաթվա ընթացքում` ցուցաբերելով բարձր բերքատվություն և հիանալի համային հատկանիշներ:

image033